Նուբարաշենի աղբանոցի հիմնախնդիր

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որն իր մեծությամբ հանրապետության ամենախոշոր աղբավայրն է՝ 52,3 հեկտար տարածքով, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։ Էրեբունու ամրոցից, ուր տարեկան այցելում է մինչեւ 15 հազար զբոսաշրջիկ, կարելի է նկատել Նուբարաշենի բլուրներին ձուլված աղբավայրից բարձրացող սպիտակ ծուխը։ Տպավորությունն այնպիսին է, կարծես, 2800 տարեկան ամրոցից քիչ հեռու կա գործող հրաբուխ, որն ամեն վայրկյան կարող է ժայթքել։ Զբոսաշրջության տեսանկյունից տեսարանը գուցեև հետաքրքրաշարժ է, մինչդեռ իրականությունը՝ զարհուրելի։ Նուբարաշենի աղբավայրը, որտեղ առնվազն 9 միլիոն տոննա աղբ է կուտակված, բնապահպանական մեծ սպառնալիք է դարձել մայրաքաղաքի բնակիչների համար։ Ampop.am-ը, մանրամասն ուսումնասիրություն կատարելով, ներկայացնում է խնդիրը։

Իրավիճակ :Նուբարաշենի քաղաքային աղբավայրը, որը ձեւավորվել է 1950-ականներից, չի ստեղծվել որեւէ նախագծով, ուղղակի տվյալ տարածքն առանձնացվել է քաղաքային աղբը կուտակելու նպատակով։ Եվ, փաստացի, ավելի քան 60 տարի մայրաքաղաքի տարբեր անկյուններից հավաքված կենցաղային թափոնների մեծ մասը կուտակվում է հենց այստեղ։ Խոսքը օրական 10 կամ 20 պարկ աղբի մասին չէ, այլ տարեկան՝ 300,000 տոննա թափոնի։ Իսկ աղբավայր մտած թափոնները վերամշակման չեն ենթարկվում։ Տարածքը չի համապատասխանում աղբավայրերի համար նախատեսված որեւէ չափորոշիչի: Այն մեկուսացված չէ ցանկապատով, չունի նաեւ հիմքի մեկուսացում, հոսքաջրերի հավաքման տեխնիկական համակարգ, ինչի պատճառով հոսքաջրերը աղբավայրի տարածքից հոսում են գրունտի ենթաշերտ՝ աղտոտելով ստորգետնյա ջրերը: Աղբի մեծ կուտակումներն առաջացնում են մեթան գազ եւ պատճառ դառնում մշտական բռնկումների։ Իսկ թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր, ներառյալ քաղցկեղածին նյութեր։

Պաշտոնական տեղեկության համաձայն, աղբավայրի մի փոքր հատվածում կենսագազ է օգտահանվում՝ արտանետվող մեթանի քանակը մասամբ նվազեցնելու նպատակով։ Նուբարաշենի աղբավայրը էրեբունի եւ Նուբարաշեն բնակելի թաղամասերից 2-3 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաքի կենտրոնից՝  9-10 կմ:

Նուբարաշենի եւ Էրեբունու պոլիկլինիկաներում արված հարցումները ցույց են տալիս, որ փոքրերի եւ տարեցների շրջանում գրանցվում է ալերգիայով տառապողների թվի աճ: Որպես պատճառ՝ մասնագետները նշում են Երեւանում էկոլիոգիական վատթարացող վիճակը՝ պայմանավորված մի շարք գործոններով, ներառյալ Նուբարաշենի աղբավայրը, թեեւ զուտ աղբավայրի ազդեցությունը բացահայտելուն ուղղված ուսումնասիրություններ չեն իրականացվել։

Այս աղբավայրի վտանգը կայանում է նաեւ նրանում, որ նրա «բարիքներից» օգտվում է օրական 160-200 մարդ, որոնց համար այս վայրը դարձել է հիմնական ապրուստի միջոց։ Ոչ ֆորմալ ձեւով նրանք են այս աղբավայրի տեսակավորողները, ովքեր առանձնացնում են ապակե շշերը, պլաստմասե եւ մետաղական իրերը, ջարդոնները, փաթեթավորման նյութերը, ինչպես նաեւ մթերային թափոնները, այլ կերպ ասած՝ այն ամենը, ինչը, նրանց կարծիքով, հնարավոր է օգտագործել կամ հանձնել/վաճառել քաղաքի համապատասխան «աղբի» ընդունման կետերին, որոնք էլ իրենց հերթին տվյալ հումքը վերավաճառում են համապատասխան ընկերություններին։ Եվ այս ամենն արվում է՝ չպահպանելով անվտանգության կանոնները, առանց համապատասխան հագուստի, եւ հաճախ ընդունելով առողջության համար վտանգավոր մթերքի մնացորդներ կամ ժամկետանց մթերք։ Պարզ չէ նաեւ, թե հավաքված հումքը, ի վերջո, ինչ նպատակներով է օգտագործվում, եւ որ ընկերությունների միջոցով է սպառվում։ Սակայն այստեղ կարեւոր է նշել, որ այս բիզնեսով զբաղվում է հասարակության ծայրահեղ աղքատ խավը, ինչը բարդացնում է խնդիրը, քանի որ վերջիններիս աղբավայրից մեկուսացնել հնարավոր է նրանց համար նախապես եկամտի այլընտրանքային աղբյուր ստեղծելուց հետո միայն։

Պատմական ակնարկ :2014 թ-ից Երեւան քաղաքի աղբահանության կազմակերպումն իրականացնում է լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը։ Ընկերությունն իր աշխատանքերը մեկնարկել է Կենտրոն վարչական շրջանից, իսկ այսօր արդեն նույն ծառայությունը մատուցում է նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Մայրաքաղաքից հավաքված ողջ կենցաղային աղբը տեղափոխվում է հիմնականում Նուբարաշենի եւ, որոշ չափով, նաեւ Աջափնյակի եւ մայրաքաղաքից դուրս գտնվող Մասիսի աղբավայրեր: Աջափնյակի աղբավայրը Երեւանի երկրորդ քաղաքային աղբավայրն է, որն առաջացել է տարերայնորեն եւ կրկին միայն աղբի կուտակման գործառույթ է իրականացնում: Ըստ քաղաքապետարանի, Աջափնյակի աղբավայրի շուրջ 2 հա տարածքը նախատեսված է կենցաղային աղբի, իսկ 10 հա-ը՝ շինաղբի կուտակման համար: Աղբավայրի շինաղբի հատվածը շահագործում է «Դավարս» ՍՊԸ, որը 1 պարկ շինաղբը 250 դրամով տեղափոխում է աղբավայր:
Իմ կարծիքը  կամ առաջարկը խնդրի լուծան համար
Նախ նշեմ , որ ամենասկզբից պետք է առանձնացնել պլաստիկը և թուղթը և ըստ դրա վերամշակել ։Նուբարաշենի աղբավայրը չի ստեղծվել որևէ հատուկ ծրագրով , ուստի կարելի է այդ աղբը վաճառել որևէ զարգացած երկրի , որը կվերամշակի այդ ։ Կամ էլ Հայաստանում այնպիսի վայրում բացել գործարան , որտեղ հնարավոր կլինի վերամշակել այդ։հ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *