ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Տաղանդավոր բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանի առաքելությունը մշակութային, գիտական, կրթական գործունեություն ծավալելն է: Թանգարանի ցուցանմուշներն առավել ուշագրավ ու հետաքրքիր են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը: Դեռ իր կենդանության օրոք բանաստեղծուհին ստեղծել է 24 ժամ տևողությամբ տեսաֆիլմ, որտեղ անձամբ՝ որպես ուղեկցող, հանգամանքորեն մեկնաբանում է ապագա թանգարանի ցուցանմուշների ‹‹ծագումնաբանությունը››:

Սիլվա Կապուտիկյանն իր կտակով ցանկացել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ` ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով: Բանաստեղծուհին անձամբ է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները: Ցուցասրահի 1-ին հատվածում ներկայացված են Վանից բերված մասունքներ: Ցուցադրված է նաև կարի մեքենան, որով իր գծագրած հագուստները երիտասարդ հասակում կարել է Կապուտիկյանը:

Արժեքավոր նմուշ է հատկապես արևմտահայ մեծանուն բանաստեղծ Սիամանթոյի գրիչը, որը 1963 թ.  Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը: Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *