Ճամփորդություններ

Բարեվ ձեզ, այսօր ուզում եմ պատմել մեր հերթական ճամփորդության մասին: Այս անգամ մեր ճամփորդությունը բաժանված էր երեք կանգառի: Նշեմ, որ մեզ հետ էին ընկեր Մարիամը եվ պատվելի Թամարը:💕Առաջին կանգառը դա Արագածոտնի մարզ, գյուղ Կոշ, Կոշի բերդ (աղջկա բերդ):Այն ուղղակի տպավորիչ գեղեցկություն ուներ, պատվելի Թամարը մեզ պատմեց, թե ինչու է այդ բերդը կոչվում աղջկա բերդ: Աղջիկը սիրել է մի տղայի, բայց նրա հայրը դեմ է եղել, իր աղջկան կնության տալուն եվ աղջիկը իրեն նետել է այդտեղից: Երբ մենք հաղթահարեցինք բարձունքը եվ ավելի մոտ էինք այդ գեղեցկությանը, բոլորը շտապում էին նկարվել: Հետո այցելեցինք Ս.Գեվորգ, Ս. Գրիգոր Լուսավորիչ  եվ Ս. Ստեփանոս եկեղեցիներ: Կային եկեղեցիներ, որոնք չէին գործում: Մեր երկրորդ կանգառը Արագածոտնի մարզի Արուճ գյուղն էր: Մենք այցելեցինք Արուճի ամրոց եվ տաճար: Բոլորը շտապում էին ծանոթանալու տարածքի հետ, նկարվելու եվ հիանալու գեղեցկությամբ: Մեր երրորդ կանգառը դա Թալինի շրջանի դաշտադեմ գյուղն էր, այնտեղ այցելեցինք Ս.Քրիստափոր եկեղեցի եվ Թալինի կաթողիկե եկեղեցի: Նշեմ, որ այդ շրջանում կար նաեվ Զանգակատուն: Տեսնելով, հիանալով Թալինի եվ Կոշի շրջանները մենք որոշեցինք վերադառնալ Երեվան, բայց ճանապարհին այցելեցինք նաեվ քարավանատուն: Այն գտնվում էր կիսաքանդ վիճակում, սակայն դա չեր խանգարում, որպիսի երեվար նրա գեղեցկությունը: Ուսումնասիրելուց հետո տեղավորվելով մեքենան եկանք դեպի Երեվան: Մինչ քոլեջ ընդունվելը երբեք չէի մտածի, որ կգտնվի այնպիսի քոլեջ, որտեղի ուսուցչուհիների հետ ճանապարհորդելը կլինի այդքան հաճելի եվ ուրախ:

Զրույց շնչի մասին

Դվին քաղաքում (այն հայտնի  էր իր հմուտ արհեստավորներով) մի ծեր կավագործ էր ապրում՝ մեծահամբավ ու  շնորհաշատ, որի ձեռքերում հասարակ կավը դառնում էր կլորիկ սափոր  ու նախշազարդ կթղա, գոգավոր պնակ ու ծաղկանկար սկահակ՝ բոլորն էլ նուրբ, օդի պես թեթև: Մի երիտասարդ գալիս է աշակերտելու բրուտին՝ փորձելով յուրացնել նրա վարպետությունը, և օրնիբուն հետևելով ուսուցչի՝ հրաշք արարող դյուրաշարժ մատներին՝ ջանում նմանվել նրան: Սակայն որքան էլ տքնում էր, նրա պատրաստած անոթները վարպետի գործերի պես նուրբ ու թեթև չէին ստացվում, ոչ էլ զրնգում էին մեղմ ու ղողանջուն: Մռայլվում էր երիտասարդը,  տխրում, բայց չէր հուսալքվում, շարունակում էր աշխատել զօրուգիշեր:

Վարպետը մանրազնին ուսումնասիրում,  զննում էր ափսեներն ու գավաթները և  երբ մատով  թեթևակի  զարկում էր անոթներին, ուշադիր  ունկնդրում, դժգոհ տարուբերում էր գլուխը՝ այն չէ: Մի օր էլ, երբ տղային թվաց՝ հասել է  վարպետի  հմտությանը, առանձին  արհեստանոց բացեց  ու սկսեց ոգևորությամբ, եռանդով աշխատել: Բայց արի տես՝ մարդիկ չէին հավանում նրա գործերը: Երիտասարդն  ընկճված, հուսախաբ գնաց վարպետի մոտ:  Վերջինս  ձեռքերի մեջ շուռումուռ տվեց,  տնտղեց  տարաձև ու տարատեսակ  անոթները, ապա  ալեհեր  գլուխն օրորելով՝ ասաց.

-Ամեն բան տեղն է,  սակայն պակասում է մի բան.  Շո’ւնչն է դա, տղա’ս, շո’ւնչը: Անոթները  քուրայից  հանելիս ես թեթևակի  փչում, հոգի ու շունչ եմ տալիս  նրանց:

Առաջին դարբինը

Ասում են՝  աշխարհում  առաջին դարբինը Դավիթ մարգարեն  է եղել: Իբրև արդարամիտ ու  անաչառ մարդ՝ Տերը պարգևատրել էր  նրան. առանց ձեռքերն այրելու՝ նա քուրայից  հանում  էր կաս-կարմիր երկաթը, հրակեզ  մետաղը  դնում  ծնկներին (այն ժամանակ  ո’չ զնդան կար, ո’չ էլ ունելի) և կռելով  կոփում տաք  ձուլվածքը: Մարգարեի դրացիներից մեկը խնդրում է  նրան իր կրտսեր որդուն  դարբնություն սովորեցնել: Մանրազնին հետևելով վարպետի՝ զարմանալիորեն փութկոտ ու վարժ շարժումներին՝ պատանին՝ ուշիմ ու  ընդունակ,  արագորեն  յուրացնում է  դարբնի  արհեստը:

Սակայն  մի բան դժվարացնում է նրա գործը. նա չուներ մարգարեի  աստվածապարգև  շնորհքը, և  կրակն  այրում էր նրա ձեռքերը: Ձմռան պարզկա մի օր, երբ վարպետը դարբնոցում չէր, մի բրդոտ շունՙ քաղցած ու ցրտից կծկված,  վախվորած քայլերով մտավ  արհեստանոց, մոտեցավ  տաք  քուրային, առջևի ոտքերը մկրատաձև  դրեց իրար վրա ու գլուխը  հենեց ոտքերին:  Աշակերտը նկատեց հնոցի կողքին պառկած շանը, որը,  հաճելի ջերմությունից ընդարմացած, նիրհում էր:  Պատանու հայացքն ընկավ  շան՝ խաչաձև դիրքով  ծալած  ոտքերին, ու  նա մի պահ  արձանացավ. ուղեղում մի միտք  ծագեց. հապճեպ վերցրեց երկաթը, կռեց  մի ունելի, ապա մի զնդան: Երբ մարգարեն մտավ դարբնոց և ձեռքը երկարեց, որ  շիկացած  երկաթը հանի, շանթահար եղավ. ձեռքն  այրվեց: Ապշահար ու շփոթված  նորից փորձեց, դարձյալ նույնը: Տեսնելով վարպետի խուճապահար հայացքը՝ պատանին  անձայն  նրան  մեկնեց իր պատրաստած  ունելին ու զնդանը: Այդ օրվանից Դավիթ մարգարեն հրաժարվեց դարբնությունից ու  երդվեց այլևս արհեստանոց չմտնել:

Ասք լավաշի մասին

Այնպես է պատահում, որ  հայոց արքա  Արամը, ասորական  թագավորի՝ Նոսորի  հետ պատերազմելիս  գերեվարվում է:   Նոսորը,  որ զվարճանքների  սիրահար էր,  առաջարկում է  տասը օր  քաղցած մնալուց հետո  մրցել  իր հետ  նետաձգության մեջ:  Եթե Արամը հաղթեր,  մեծամեծ ընծաներով  արքայավայել  ճանապարհվելու էր  իր երկիրը:  Հայոց արքան  առանց երկբայելու  ընդունում է առաջարկը՝  պահանջելով բերել իր գոհարազարդ  լանջապանակը:

Հաջորդ օրը՝  ճրագալույցին,  բանբերը,  սևաթույր նժույգներ հեծած, հասնում են հայ-ասորական սահմանը, ուր հայոց  զորաբանակն էր,  և հայտնում արքայի կամքը:  Հայերն իսկույն կռահում են՝ ինչ է ակնարկում և ինչ ակնկալում  իրենց  արքան, ուստի  բանբերները հոժարակամ  հանձնում են  ակնազարդ լանջապանակը՝  մեջը հմտորեն տեղավորելով  նրբաթերթ մի  հաց՝ լավաշ:  Ստանալով զրահը՝  Արամն այն հետ է ուղարկում՝  պատճառաբանելով,  թե  իր ուզածը չէ:  Ինն օր  անընդմեջ  սուրհանդակները գնում են,  գալիս՝ առանց  կռահելու,  որ իրենց  իսկ ձեռքով կերակրում են  հայոց արքային:

Նոսորը, որին  թվում էր,  թե  տասնօրյա  քաղցից  Արամն  արդեն  ուժասպառ  է եղել,  հյուծվել,  կորցրել  սրատեսությունը,  ապշում է,  երբ հայոց  դյուցազունը՝  զվարթերես ու կայտառ,  դիպուկ արձակում է նետերը և հաղթում:

Նոսորը  պահում է  թագավորի՝  բոլորի առջև տված հանդիսավոր իր երդումը  և Արամին  թանկարժեք ընծաներով  ճանապարհում է  Հայաստան:

Իսկ Արամը՝   հայերի  փառապանց  ու հնարամիտ  արքան, հայոց  հողը մտնելուն  պես  հրովարտակ  է արձակում, որ  այդուհետև  Հայաստանում  միայն նրբաթերթ  ու բարակ  լավաշներ  թխեն:

Հայոց լեզու «Հյուսնություն»

Մի ամռան հայրս ինձ տարավ հյուսնագնացության: Այդպես էր կոչվում շրջիկ հյուսների աշխատանքը: Հավաքվում էին գյուղի մի քանի հմուտ հյուսներ, խումբ կազմում, սայլերը բեռնում տարբեր չափսերի կոճղերով, գերաններով ու գործիքներով և մեկնում անտառազուրկ գյուղերը: Դա գրեթե շրջիկ թատրոնի նման մի բան էր: Հյուսների  խումբը կանգնում էր գյուղի հրապարակում կամ կենտրոնական  փողոցում և տեղնուտեղը պատվիրատուի ընտրած կոճղից ու գերանից պատրաստում խնոցի կամ տաշտ:  Ինձ ապշեցնում էին  հյուսների վարպետությունը, արագաշարժությունն ու հմտությունը: Թվում էր, թե նրանք մրցում էին ինչ-որ մեկի հետ և ձգտում հաղթող դուրս գալ:

Շրջիկ հյուսների շուրջը շատ ժաղովուրդ էր հավաքվում, ասես դա ոչ թե աշխատանքի ցուցադրություն էր, այլ՝  տոնավաճառ-ցուցահանդես: Հայրս ասում էր, որ հյուսնի վարպետությունը հավաստելու ամենամեծ  քննությունը այդպիսի շրջագայությունն է, որը աշխատանքի փառաբանության  ամենահին տոնն է հայոց մեջ: Երեք հազար տարի առաջ՝  նավասարդյան տոնախմբությունների ժամանակ, մեր պապերն այսպիսի մրցության  մեջ էին մտնում և փայտի զարդարանքներ պատրաստում նավասարդավորների համար: Այն ժամանակ հաղթող հյուսնի գլխին ուռենու պսակ էին դնում: Հիմա միայն վարձատրում են. պսակադրության արարողությունը մնացել է որպես հուշ: Առանց այդ հուշի ոչ մի հյուսն չի կարող որևէ բան սարքել:  Մեծ նավասարդը փոքրացել, հյուսնագնացության պես մի բան է դարձել: Բայց հոգ չէ, տղա’ս, մեկ էլ տեսար նորից նավասարդ եղավ: Ժողովրդի հիշողությունն ու սովորությունը աղբյուրի նման են. մեկ վարարում են, մեկ բարակում: Կարևորն այն է, տղա’ս, որ չցամաքի, թե չէ՝ նեղ ու լայն օրվան մենք վաղուց ենք ծանոթ: Հայոց նավասարդյան տոնախմբության այդ հեռավոր հուշն էլ հորս հետ գնաց այս աշխարհից: Շատ տարիներ հետո միայն գլխի ընկա, որ հայրս նավասարդյան տոնախմբությունների վերջին տուտն   էր: